ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կոչ հայ երիտասարդությանը

Կոչ հայ երիտասարդությանը
28.04.2009 | 00:00

ԽԱՐԱՆ
Մի մտահայեցությունն անգամ բավական է հասկանալու համար, որ մեր ազգային կորուստներն ավելի մեծ են եղել, քան նվաճումները:
Եվ ո՞ւմ պիտի մեղադրենք մեր ազգային պատմության ողբերգական էջերի համար. Աստծո՞ւն, որ այնքան շռայլ և գթառատ է եղել մեր ազգի հանդեպ, պարգևել է դրախտային երկիր և օժտել մեզ բանականությամբ և բազմապիսի շնորհներով:
Այս ամենից, սակայն, մենք ոչ միայն առավելագույնս չենք օգտվել և գերագույն ճիգեր գործադրել դրանց իրականացման համար, այլև հակվել ենք անհավատության և նյութապաշտության, կորցրել թե՛ մեր հայրենիքի մեծագույն մասը, թե՛ աղճատել մեր անհատական մարդկային նկարագիրը, նույնիսկ ստվերել մեր ազգային պայծառ դիմագիծը։ Արդ, հաճախ ամոթով ենք նայում աշխարհին, որ ի զորու չենք անգամ բարեկիրթ կեցությամբ ապրելու և ժառանգորդը լինելու այն մեծագույն արժեքների և արժանիքների, որոնցով փայլել են մեր նախնիք:
Արդյունքն այս ամենի այն է, որ մենք թուլացել ենք ազգովի և պետականորեն, իսկ միջազգային ուժերի համահարթեցնող (գլոբալացնող) մամլիչն ավելի ու ավելի է մոտենում մեր ազգային գոյության առանցքային սյուներին, և ահռելի վտանգ է կախված մեր ազգի գլխին, որը կարող է համաշխարհային ցնցումների ժամանակ մեզնից թողնել միայն փլատակներ:
Լի և առատ ապրելու մարմաջը մեզ զրկում է մեր հավաքական բանականությունից, կրծում մեր գոյապահպան բնազդները և գաղթական անում ամբողջ աշխարհում: Չդրսևորելով մեր հայրենիքում ապրելու կամք և զրկվելով պայքարելու վճռականությունից, հանուն մեր անհատական և ազգային, ժողովրդական իրավունքների, մենք մեզ առաջին իսկ դժվարության պահին դուրս ենք նետում Հայաստանից և տասնամյակներ շարունակ, գուցե ամբողջ կյանքի ընթացքում այլևս ի վիճակի չենք լինում թոթափելու թափառականի խարանը և վերադառնալու մեր հայրենիք: Սա է պատճառը, որ չորս հազարամյակ շարունակ մենք չենք աճում թվով և մի կերպ գոյություն ենք պահպանում:
Հազարամյակների պատմական կենսափորձը ցույց է տալիս, որ ազգի և երկրի կեցության մեջ էական փոփոխություններ կարող է կատարել միմիայն երիտասարդությունը, այն երիտասարդությունը, որն առլեցուն է կենսուժերով, տակավին անաղարտ է պահպանում Աստծո ներշնչած հոգին և կարող է լինել այն ուխտի, առաքելության տերը, ինչը նախանշված է Սուրբ գրքի մեջ, և որի հիմքերն են կազմում արդարակեցությունը, ճշմարտությունը, ազատասիրությունը, Աստծո և հայրենիքի պաշտամունքը, անսահման հավատը հոգենորոգվելու և լավապես նորացնելու իր երկրի, ժողովրդի կյանքը, իմաստավորելու մարդկային, ազգային կյանքն առհասարակ:
Հայ երիտասարդը պետք է լինի հավատավոր և ազատ կամքի տեր բառի բուն իմաստով, գաղափարապաշտ և բարոյական, խիզախ և ընդունակ իր վրա վերցնելու մեծագույն նպատակների իրագործման նախաձեռնությունը: Եթե Աստված է մեզ դաշնակից, էլ ի՞նչ անհաղթ թշնամի կարող է դիմագրավել մեզ:
Բազմաթիվ են մեր խնդիրներն ու նպատակները, և դրանց մեջ առանցքայինն ու առաջնահերթը բարեպաշտ պետություն ստեղծելն է և ՀԱՅ ԴԱՏԸ, որոնք պիտի դառնան յուրաքանչյուրիս կյանքի բովանդակությունը:
Հետևաբար, քե՛զ, հա՛յ երիտասարդ, քանի դեռ չեն կաշկանդել նյութականացված կյանքի ճիրանները, քանի դեռ չես վերածվել լոկ ուտող կենդանի էակի, որը կորցրել է հոգու և նվիրական կեցության զգացողությունը, քեզ ենք դիմում, վերցրո՛ւ քո պատմական առաքելության լծակը և մտի՛ր հայ ազգի հոգևոր անդաստանի դաշտը և գնա քո Հայ Աստուծո հետևից: Նա քեզ կտանի:
Ժիրայր ՍԷՖԻԼՅԱՆ
27.04.09թ. Երևան

Դիտվել է՝ 1934

Մեկնաբանություններ